Մի մուշտի է տվել, է՛լի
10:59 - 14.12.2011
Նախաքննությամբ պարզվել է, որ «Արմենիա Մարիոթ» սրճարանում մարզպետը մեկ անգամ ապտակել է Ս. Համբարձումյանին: Վերջինս գրել է, որ վնասվածք չի ստացել, Ս. Խաչատրյանն էլ հայտնել է, որ զղջում է կատարածի համար: «Ս. Խաչատրյանը չի ծեծել, քանի որ, «ծեծել» ասելով, հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»,- ասվում է ՀՀ հատուկ ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Մի խոսքով` ապտակելը հանցանք չէ, թեկուզ` կնոջը: Հետաքրքիր է` քանի՞ հարված պետք է հասցներ Ս. Խաչատրյանը, որ համարվեր հանցանք: Ստացվում է, եթե մեկն իր կողմից տուժողի «մեյդը փռի» մեկ հարվածով, ու մանավանդ այնպիսի հարվածով, որ չհասցնի անգամ ցավ զգալ, նրան չեն դատի:
Այստեղ, կարծում ենք, կարեւորը Սիլվայի բողոքել-չբողոքելը չէ. կա փաստ, որը պետք է արժանանար իրավական գնահատականի: Սիլվա Համբարձումյանը գոհ է այնքանով, որ Սուրիկ Խաչատրյանը զղջում է, ինչը վերջինս չէր արել մյուս «հերոսությունների» դեպքում: Այս անգամ էլ կարող էր եւ չզղջալ: Հետաքրքիր է` եթե Սյունիքի մարզպետն իմանար, որ մեկ հարվածը «հաշիվ չէ», այդքան շուտ կզղջա՞ր:
Սա միակ դեպքը չէ, երբ աղմկահարույց միջադեպը նման զավեշտալի ավարտ է ունենում: Յուրաքանչյուրս մի քանի դեպք կարող ենք մտաբերել, երբ նախարար-պատգամավոր-հղփացած չինովնիկ-օլիգարխ քառամիասնության ներկայացուցիչները, նրանց հարազատներն ու բարեկամները շանսատակ են անում մարդկանց կամ ամենավերջին հայհոյանքները շռայլում հանրության ներկայությամբ ու մնում անպատիժ:
Այս տարվա փետրվարի սկզբին Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչ Շահեն Հայրապետյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) եղբորորդուն` Արտակ Ալեքսանյանին մեղադրել էր երեք օր «Երեւան սիթիի» նկուղում իրեն խոշտանգելու եւ դաժան ծեծի ենթարկելու մեջ: Արդյունքում տուժողը հազիվ «պլստաց» «արդարադատությունից»: Քիչ էր մնում դատեին` սուտ մատնության մեղադրանքով: Սա նման է իսլամական աշխարհում վերջերս կատարված դեպքին, երբ դատապարտվեց կինը, ով բռնաբարվել էր:
Օգոստոսի 15-ին Հարսնաքար ռեստորանում Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Աշոտ Սնջոյանը հրազենային վնասվածք էր հասցրել Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից երկուսին: Հեղինակությունների թիկնապահները պատասխանատվության չենթարկվեցին, փաստի առթիվ հարուցված քրեական գործը նոյեմբերի 3-ին կարճվեց, քանի որ կողմերը բարեհաճել էին հաշտվել: Քրեական գործն էլ, ծիծաղելիորեն, անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հոդվածով էր:
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայհոյում է գործընկերոջը (Արմեն Մարտիրոսյան)` սովորական բան է, անգամ արժանանում է գովեստի, թե` տեսա՞ք, դուխը տեղն ա: Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) հայհոյում է լրագրողին (Գրիշա Բալասանյան), բայց քանի որ «չի իմացել», որ հեռախոսը միացված է, մնում է անպատիժ, պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը (նախագահի եղբայրը) հայհոյախառն սպառնալիքներ է տեղում լրագրողի (Թագուհի Թովմասյան) հասցեին ու մնում անպատիժ: Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) խորհրդարանում օրինագծի զեկուցողին հարվածում է` գործը համեմելով հայհոյանքներով, ապա հայհոյախառն «երկխոսություն» ունենում Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ, բայց չեն արժանանում իրավապահ մարմնի անգամ «նախատինքին»:
Այս դեպքերի մի մասը կատարվել է պատգամավորների, լրագրողների եւ ողջ հանրության աչքի առջեւ: Տեսանյութերը կան սոցիալական ցանցերում:
Իսկ երբ փողոցում երկու երիտասարդ վիճում են` առանց հարվածելու միմյանց, անմիջապես հայտնվում են քաղմասում` հասարակական կարգը խախտելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ եք ձերբակալում:
Այնպես որ, սիրելի ժողովուրդ, եթե ունեք դժգոհություններ, կարեւոր չէ, թե ումից, մանավանդ` պաշտոնյաներից, կարող եք ընդամենը մի հատ լավ «նստեցնել» մռութին: Մի հարվածով էլ կարելի է շատ բան անել:
Հիշո՞ւմ եք Նար-Դոսի հերոս դրոգապան Յագորի` կնոջը սպանելու համար հարցաքննության ժամանակ դատավորին տված պատասխանը. «Մի մուշտի տվի, է՛լի. ուրիշ բան խո չե՞մ արել»:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Վերադառնալ
18:10 - 16/05/2012 Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող են ԱԺ-ից դուրս զբաղվել պատգամավոր-նախարարները:Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը
16:55 - 16/05/2012 Ընտրություններից 9 օր անց, վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար
15:00 - 15/05/2012 Անտարբեր մի' եղեք, քանի որ մի օր էլ ձեզ չեն նկատի...Կանխատեսելի ներկայացում
12:15 - 04/05/2012 Ի սկզբանե տեղի է ունեցել ապօրինություն:Առաջնորդների ''վեհ''-երոտությունը
18:30 - 02/05/2012 Հայ իրականության մեջ քաղաքական բանավեճի մշակույթը համառորեն չի արմատավորվում:









